Պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղ ժամանած բուլղարացի պատգամավորները հայտարարում են՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն անհրաժեշտություն է: Պատվիրակությունը գլխավորող Վալերի Սեմյոնովը, որ ղեկավարում է «Հայրենասիրական ճակատ» խմբակցությունն ու «Փրկության ազգային ճակատ» կուսակցությունը, ասել է.
«Ես այսօր այստեղ եմ իմ 4 կուսակից պատգամավոր ընկերների հետ, որ առաջին անգամ անձամբ տեսնեմ Ղարաբաղն ու ծանոթանամ նրա ղեկավարության հետ: Այսօր մենք շատ ջերմ հանդիպումներ ունեցանք ԼՂ նախագահի ու ԼՂ ԱԺ նախագահի հետ և կարծում եմ` երկու երկրների ժողովուրդների մերձեցումը լավ ապագա ունի: Առայժմ նույնը դժվար է խորհրդարանական մակարդակում, հասկանալի պատճառներով: Պետք է նաև ասեմ, որ Բուլղարիայում երկրորդ խորհրդարանական ուժը թուրքամետ է, բայց մեր հայրենասիրական կոալիցիայի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայրենասիրական ուժերի միջև հարաբերությունները, կարծում եմ, ապագայում անխուսափելիորեն դեպի մերձեցում են գնալու»,- ասաց նա: Սեմյոնովի գլխավորած խմբակցությունը 5-րդն է Բուլղարիայի խորհրդարանում, նա վստահեցնում է՝ փոքրաթիվ կուսակիցների հետ լուրջ հաջողություններ են գրանցել և զգալիորեն նվազեցրել են թուրքամետ ուժերի ազդեցությունը խորհրդարանում: Թեև Ադրբեջանը միջազգային ասպարեզում ակտիվ հակահայկական քարոզչություն է ծավալում, փորձելով Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր ու օկուպանտ, Բուլղարիայում մեծամասնությունը տեղյակ է հակամարտությանն ու ադրբեջանական լոբբինգն այստեղ չի աշխատում:
«Բուլղարիան քրիստոնեական երկիր է: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այստեղի իրադարձությունները շատ լավ արձագանք են ունենում Բուլղարիայում: Ես գիտեմ, որ իմ շրջապատում՝ ծանոթներս, ընկերներս, բոլորը Ղարաբաղի ժողովրդի կողմից են: Այնպես որ՝ երբեմն չարժե լուրջ վերաբերվել տարածվող տեղեկություններին: Ադրբեջանական հեռուստատեսություն մենք չենք դիտում, ադրբեջանական ռադիոկայաններ չենք լսում, ադրբեջանական թերթեր չենք կարդում»,- ասաց բուլղարացի պատգամավորը: